Դասավանդման մեթոդների փորձարկում

2018թ.ապրիլի 19–ին դպրոցի ռուսաց լեզվի և անգլերենի ուսուցչուհիներ Գոհար Բոցինյանը և Աննա Արշակյանը 4–րդ դասարանում անցկացրեցին ինտեգրված բաց դաս «Времена года. Весна» թեմայով։ Մեծ Բրիտանիայում վերապատրաստված մեր ուսուցչուհիները փայլուն կերպով օգտագործեցին Անգլիայում սովորած ժամանակակից նոր մեթոդները։ Աշակերտները անկաշկանդ  ակտիվորեն մասնակցում էին ռուսերեն և անգլերեն լեզուներով ընթացող դասին։ Շատ ուսուցանելի դաս էր։

«Ջուր»

 

2018թ. ապրիլի 18–ին դպրոցի բնագիտամաթեմատիկական մասնախմբի նախագահ Հասմիկ Գարանյանը և  աշխարհագրության ուսուցչուհի Էլմիրա Աբրահամյանը 8–րդ դասարանում անցկացրեցին ինտեգրված բաց դաս       «Ջուր» թեմայով։

«Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ»

2018 թ. մարտի 14-ին կայացած` «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում բանավեճի միջդպրոցական մրցաշարում մեր դպրոցի հավաքական թիմը, երկամսյա պայքարից հետո, գրավեց առաջին հորիզոնականը: Ընդհանուր առմամբ հավաքելով 104 միավոր առաջ անցնելով  II-րդ տեղը զբաղեցրած Օշականի միջնակարգ դպրոցի թիմից 7 միավորով: Առջևում հանրապետական փուլն է: Ցանկանանք նրանց նոր հաղթանակ:

Սպորտլանդիա

Դպրոցի  IV-VII դասարանների միջև կազմակերպված սպորտլանդիան անցավ աշխույժ և ուրախ  մթնոլորտում: Մրցապայքարի  վերջում երկու թիմերի առավել ակտիվ մասնակիցներից ձևավորվեց դպրոցի հավաքական թիմը, որը կմասնակցի <<Սպորտլանդիա>> մարզային միջոցառման տարածքային փուլին:

Կյանքը սխրանք է, գործն՝ անմահություն

Փետրվարի 22-ին Աշտարակի Ս.Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցի VIII դասարանի (դասղեկ՝ Նարինե Թումանյան) աշակերտների մասնակցությամբ  կայացավ <<Կյանքը սխրանք է, գործն՝ անմահություն>> խորագրով միջոցառումը, որի ընթացքում կարմիր թելի նման ձգվում էր հայ զինվորի անձնվիրությունն ու անձնազոհությունը իր ժողովրդի ու հայրենիքի նկատմամբ՝ սկսած Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումից մինչև  քառօրյա պատերազմ:

Հանդիսատեսը  շունչը պահած և հուզված հետևում էր միջոցառման ընթացքին: Աշակերտները մեկ անգամ ևս վստահեցրին , որ իրենք լավ են հիշում մեր ժողովրդի փառավոր անցյալը և նրա արժանի զավակներն են: Նրանց խոսքը բխում էր  հոգու խորքից և շատ էր հուզել բոլորին:  Իսկ փոքրիկ դհոլահարների քառյակի կատարումը հայրենասիրության  և քաջության յուրօրինակ դաս էր:

 

  

Ս. Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցի հյուրն էր Տաիկի Կոունոն Ճապոնիայից

Դեռևս 2017 թվականին Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայիդեսպանատան ֆինանսական  աջակցությամբ <<Grant Assistance for Grassroots Human Security Projects (GGP)>> ծրագրի շրջանակում տրամադրվել է դպրոցական գույք (աշակերտական սեղան և աթոռ): Ծրագիրն իրականացրել է <<Զարգացում և բարեկեցություն>> ՀԿ-ն:

Այդ գույքի մոնիտորինգ իրականացնելու նպատակով փետրվարի 20-ին դպրոց էին այցելել  ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության Մարդկային անվտանգության <<Grassroots>> դրամաշնորհային ծրագրի  (GGP) խորհրդատու Տաիկի Կոունոն, <<Զարգացում և բարեկեցություն>> ՀԿ-ի նախագահ Գայանե Գևորգյանը, համակարգող Արմեն Սմբատյանը և Արագածոտնի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Մամիկոն Աբգարյանը:

Շրջայցից հետո Տաիկի Կոունոն իր գոհունակությունը հայտնեց գույքը խնամքով պահելու համար:

Դպրոցի տնօրեն Հովհաննես Բալայանը հավաստիացրեց ճապոնացի հյուրին, որ դպրոցի աշակերտները` շնորհիվ ուսուցիչների արդյունավետ դաստիարակչական աշխատանքների, գիտակցում և բարձր են գնահատում Ճապոնիայի կառավարության աջակցությունը: Նա հույս հայտնեց, որ այս համագործակցությունը առաջիկայում ևս կշարունակվի:

<<Հայ ժողովուրդը կարողանում է շնորհակալ լինել իրեն աջակցողներին և օգնողներին, որի վառ ապացույցը խնամքով վերաբերմունքն է դպրոցի գույքի նկատմամբ>>,- իր խոսքը եզրափակեց դպրոցի տնօրեն Հովհաննես  Բալայանը:

 

ԴՊՐՈՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

2018 թ. փետրվարի   13-ին Միացյալ Թագավորության Կառավարության հովանավորությամբ և Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող «Փոփոխության սերունդ» կրթական ծրագրի շրջանակներում Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցում    տեղի ունեցավ անգլերենի ակումբի բացումը:

Ծրագրի  նպատակն է խորացնել աշակերտների անգլերենի գիտելիքները: Ծրագրին մասնակցում է մեր դպրոցի 120 աշակերտ: Նրանք մեծ խանդավառությամբ ու սիրով են հաճախում այդ դասընթացներին: Դպրոցը բազմաթիվ շնորհակալական զանգեր և հաղորդակցություններ է ստացել նաև ծնողների կողմից:

Մեր աշակերտները շատ լավ են գիտակցում անգլերեն լեզվի իմացության անհրաժեշտությունը ժամանակակից աշխարհում: Նրանց ներշնչել և դրական էմոցիաներ են հաղորդել դպրոցի անգլերենի ուսուցիչներ Աննա Արշակյանը և Գոհար Բոցինյանը, որոնք վերջերս վերապատրաստման դասընթացներ են անցել Միացյալ Թագավորության Էդինբուրգ քաղաքում:

Միջոցառման մասին հավելյալ տեղեկատվություն՝ այստեղ

 

 

Girls’ punch թիմի հաղթանակը

Աշտարակի թիվ 2 դպրոցի 12-14 տարեկան աղջիկների Girls’ punch թիմը  (Անահիտ Մկրտչյան, Ջուլիետա Արշակյան, Անի Գարանյան, Թերեզա Թումանյան, Նելլի Բադալյան) հաղթող ճանաչվեց «Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցությունը աղջիկների համար» ծրագրի հայաստանյան մրցույթի շրջանակներում: Մրցույթի առաջադրանքն էր  12 շաբաթների ընթացքում ուսումնասիրել Կայուն զարգացման նպատակներից (ԿԶՆ) բխող վեց թեմաներից (բնապահպանություն, աղքատություն, խաղաղություն, հավասարություն, կրթություն, առողջապահություն) որևէ մեկը, հետազոտություն կատարել համայնքում և առկա խնդիրներից մեկին տալ լուծում բջջային հավելված ստեղծելով: Թիմը ընտրեց կրթություն թեման: Աղջիկները մենթոր Նարինե  Մեսրոպյանի ղեկավարությամբ ստեղծել են Safe Internet բջջային հավելվածը, որից օգտվելով երեխաները կարող են անվտանգ զգալ իրենց համացանցում, քանի որ երեխաների անվտանգությունը համացանցում մեծ խնդիր է: Երեխաները հաճախ անտեսում են հնարավոր վտանգները,իրազեկված չեն դրանց վերաբերյալ՝դա է պատճառը,որ երեխաները համացանցում առընչվում են  բազմաթիվ խնդիրների:

Բջջային հավելվածը կօգնի երեխաներին լինել տեղեկացված խաղերի, խորհուրդների, թեմայի վերաբերյալ հղումների միջոցով, անհրաժեշտության դեպքում նրանք կարող են ստանալ ստանալ խորհրդատվություն:

«Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցությունը աղջիկների համար» ծրագիրն իրականացրել են Կրթության ազգային ինստիտուտն ու «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն: Ծրագրին աջակցել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, «Յունիքոմփ» ընկերությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը: